Այսօր` մարտի 9-ին տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որտեղ որոշում է կայացվել մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, հավելելով, որ ԲՀԿ մասնակցության նշաձողը հաղթանակն է:
Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
Հարցին, թե ի՞նչ ընթացք են ունենալու քաղաքական խորհրդակցությունները «Ժառանգության» եւ Դաշնակցության հետ հնարավոր դաշինքով ընտրություններին մասնակցելու շուրջ, Զոհրաբյանը պատասխանեց. «Այո մենք մշտապես խոսել ենք եւ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը բազմից իր հրապարակային ելույթներում խոսել է առավել լայն կոնսոլիդացիայի մասին: Մենք այժմ էլ պատրաստ ենք: Եթե կլինի առավել լայն համախմբում ԲՀԿ-ի առանցքի շուրջ, մենք պատրաստ ենք քննարկել այդ առավել լայն կոալիցիայով, առավել լայն դաշինքով Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը: Համենայնդեպս մեր համամասնական ցուցակը պատրաստ է եւ մենք մասնակցելու ենք ընտրություններին ունենալով հաղթանակի նշաձող»:




























