«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական հանդիպման ժամանակ, որը կայացել է այսօր` մարտի 9-ին, Սեւան քաղաքում, ծեծկռտուք է տեղի ունեցել: Հանրահավաքին ներկաներից մեկը հարձակվել է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի կողմը` գոռալով. «Սրիկաներ, մեզ թո՞ւրք եք անվանում, ես ձեր կոկորդը կկտրեմ»:
Ոստիկանությունը եւ հավաքվածները դժվարությամբ են բաժանել գոռացողին եւ Րաֆֆի Հովհաննիսյանի բազմաթիվ կողմնակիցներին: Նշենք, որ այսօր Գեղարքունիքի մարզի տարբեր քաղաքներում իր նախորդ ելույթներում Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր, որ հայ ժողովրդին ոչ լեգիտիմ իշխանությունների առջեւ հնազանդ պահելուն օգնում են «ներքին թուրքերը»:
Հանրահավաքին ներկա Սեւանի քաղաքապետ Գեւորգ Մալխասյանը 4-5 սեւանցիների հետ այդ խոսքերը մեկնաբանել է այլ կերպ, հայտարարելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը բոլոր հայերին թուրք է անվանում եւ չպետք է այդպես վարվի:
Հանրահավաքի մի քանի ներկաներ բուռն արձագանքեցին այս հայտարարությանը, բայց ցույցի մնացած մասնակիցները չպաշտպանեցին նրանց:
Ոստիկանությունը ստիպված էր 20 մետր հեռացնել բորբոքված քաղաքացուն: Ողջ ճանապարհին նա չէր հանգստանում եւ հայհոյանքների տարափ էր տեղում:
«Ես հարգում եմ յուրաքանչյուրի տեսակետը, նույնիսկ սադրիչների, բայց պահանջում եմ, որ եթե ինչ-որ մեկը սադրանք է անում, թող ինձ դիմի: Թող ոչ մեկի վրա ձեռք չբարձրացնի»,-հավելել է Րաֆֆի Հովհաննիսյանը:





























