ՀՅԴ գերագույն մարմնում, այսօր` մարտի 9-ին, տեղի է ունեցել ՀՅԴ, «Ժառանգություն» եւ ԲՀԿ կուսակցությունների եռակողմ հերթական հանդիպումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով` հանդիպումներն ընթացքի մեջ են, հետեւաբար չի կարող ավելին ասել: Նաիրա Զոհրաբյանը նաեւ նշեց, որ հանդիպումները եղել են նույն կազմով:

Հարցին, թե ԲՀԿ-ն այդ հանդիպումներին ՀԱԿ-ի մասնակցությանը դե՞մ է, Զոհրաբյանն արձագանքեց. «Չգիտեմ, թե ինչու չեն մասնակցել, բայց մենք նրանց մասնակցությանը բացարձակապես դեմ չենք: Մեզ համար ընդունելի է ցանկացած քաղաքական ուժի ներգրավվածությունն առավել լայն կոնսոլիդացիայի»: Նա նաեւ նշեց, որ դժվար է ասել, թե կոնկրետ որ ուժն է հանդիպման նախաձեռնողը, քանի որ ավելի շուտ դա միասնական նախաձեռնություն է, պարզապես հանդիպումները տեղի  են ունենում ՀՅԴ գերագույն մարմնի գրասենյակում:

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ արձագանքելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե շարունակելո՞ւ են իրենց մասնակցությունը եռակողմ հանդիպումներին, պատասխանեց, որ դեռ նման որոշում չունեն. երբ հրավեր լինի կքննարկեն:

Հարցին, թե հնարավո՞ր է ընդունեն Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ առանցքի շուրջ համախմբման առաջարկը, Խուրշուդյանն արձագանքեց, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցը դեռ չեն քննարկում:

Ավելի վաղ մամուլը տեղեկացրել էր, որ մարտի 8-ին  ՀՅԴ ԳՄ շենքում տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստանի» (ԲՀԿ), Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) եւ «Ժառանգության» ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը: «ԲՀԿ-ից քննարկմանը մասնակցել են Վարդան Օսկանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանը, իսկ «Ժառանգությունից»՝ Ռուբիկ Հակոբյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը: Քննարկվել է Երեւանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու հնարավորության հարցը, եւ կողմերից յուրաքանչյուրը ներկայացրել է իր մոտեցումները: Այս հարցում վերջնական որոշում չի կայացվել: Ընդամենը որոշվել է քննարկումը շարունակել այսօր:

Հետաքրքիր է, որ այս քննարկումներից դուրս է թողնվել Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), թեեւ ՀԱԿ ներկայացուցիչները եւս կողմ էին արտահայտվել միասնական ցուցակին: ՀԱԿ-ի մասնակցությանն ամենաշատը դեմ է «Ժառանգությունը», որի ներկայացուցիչներն, ըստ էության, դեմ են որեւէ միավորման, որտեղ կարող է լինել ՀԱԿ-ը»,- գրել էր «168 ժամը»: