Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում նորածնի սպանությունը կատարելու մեջ մեղադրվող բուժքույր Ալիսա Ենոքյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է եւ հաստատվել է մեղադրյալի այլուրեքությունը (ալիբի): Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Ալիսա Ենոքյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը: «Այսինքն` հաստատվել է, որ նա դեպքի հետ չի առնչվել: Ալիսա Ենոքյանը սեպտեմբերից կալանավորված էր, սակայն նոյեմբերի 13-ին խափանման միջոցը փոխվեց»,- ասաց փաստաբանը, հավելելով, որ Ալիսա Ենոքյանը արդեն վերականգնվել է նախկին աշխատանքում:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ, մասնավորապես` 2012թ. սեպտեմբերի 4-ին «Հետք» էլեկտրոնային թերթում հրապարակվել էր հոդված` «Բացահայտվել է Հարթաշենի գյուղապետի անառակաբարո գործողությունների մեկ այլ զոհ» վերնագրով: Ըստ հոդվածագրի` նշված համայնքի ղեկավար Ա. Ղուկասյանը նույն համայնքի անչափահաս բնակչուհու` Ա. Մ.-ի հետ, վերջինիս կամքին հակառակ, շանտաժի ենթարկելով, սեռական հարաբերություն է ունեցել, որի արդյունքում ծնված նորածնին Ա. Ղուկասյանի պահանջով Ա. Մ.-ն սպանել է:ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի գրությամբ՝ սեպտեմբերի 10-ին տվյալ հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու եւ բազմակողմանի ու օբյեկտիվ քննություն իրականացնելու հանձնարարությամբ:
Բացի այդ, Ա. Ղուկասյանի կողմից նույն համայնքի մեկ այլ անչափահասի` Ա. Պ.-ին բռնաբարելու եւ նրա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործով ներգրավվել է նոր մեղադրող: ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ մեղադրանքի պաշտպանությանը դատարանում կմասնակցի նաեւ Վայոց Ձորի մարզի դատախազ Էդուարդ Հակոբյանը:Միաժամանակ դատարանից պահանջվել են տվյալ քրեական գործով դատաքննության նյութերի պատճենները, իսկ ոստիկանության Սյունիքի մարզի բաժնից` Ա. Մ.-ի նորածին երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նյութերը՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցված նոր քրեական գործով համատեղ ընթացք տալու համար:



























