«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի, այսօր` մարտի 9-ին, Սեւան քաղաքում կայացած հանրահավաքում աննախադեպ դեպք է գրանցվել. Նրան ողջունելու է եկել Սեւանի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Ռուդիկ Ղուկասյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել նրան ընդունելության համար` հավելելով, որ կցանկանար որ նման վարքը ընդունված լիներ բոլոր վայրերում:
«Հայտնի է, որ ընտրություններն ընթացել են զգալի խախտումներով, վարչական ռեսուրսների կիրառմամբ, Սահմանադրության խախտմամբ»,-հայտարարել է «Ժառանգության» առաջնորդը:
«Ձեզ ոչ ոք չի խանգարել ծավալել ձեր գործունեությունը, դուք այստեղ 12 վստահված անձ եք ունեցել, եթե նույնիսկ չհաշվենք դաշնակցությունը եւ ՀԱԿ-ը: Իսկ ձեր մարդիկ, պարոն Հովհաննիսյան, մարդկանց սխալ ճանապարհի են տրամադրում: Պետք չի մարդկանց մեջ կասկածներ սերմանել»,-հայտարարել է Սեւանի քաղաքապետը: Նրա նկատառումները անմիջապես աջակցություն էին ստանում նրա կոքին գտնվող մի քանի անձանց կողմից:
Իր հերթին Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է. «Մարտի 1-ը չի կրկնվի, դրա համար մենք պետք է ասենք. «Այլեւս երբեք»: Հայ քաղաքացու արյունը չպետք է հեղվի: Ժողովրդի հաղթանակը չպետք է խլվի եւ այս անգամ ոչ ոք ձեզանից չի գողանա: Ձեր քաղաքապետը ՀՀԿ ներկայացուցիչ է եւ նա դիմավորեց ինձ իր քաղաքում: Ես շնորհակալ եմ նրան դրա համար, բայց մյուս կողմից, ամոթ նրանց, ովքեր ուսուցիչներին ու զինվորներին տարել է քվեարկության»:
Սեւանի քաղաքապետն էլ արձագանքել է. «Ճիշտ է, հաղթել է ժողովուրդը, ժողովրդի ընտրյալը Սերժ Սարգսյանն է: ժողովուրդը անվերապահորեն վստահում է նրան եւ խնդրում եմ ընդունել այդ փաստը»:
Այդ ժամանակ հանրահավաքին ներկա կանանցից մեկը քաղաքապետին մեղադրել է ստի մեջ, նշելով, որ ընտրությունները կեղծվել են եւ կեղծվել են նաեւ քաղաքապետարանի կողմից: «Դուք որտեղի՞ց գիտեք, դուք դա տեսե՞լ եք, դուք ինքներդ ո՞վ եք»,-հարցրել է Սեւանի քաղաքապետը, ինչին կինը պատասխանել է. «Ես «Ժառանգության» վստահված անձն եմ եղել եւ ամեն բան էլ տեսել եմ: Ես Սեւանից եմ եւ դուք կեղծել եք ընտրությունները»:
Սեւանի քաղաքապետը դրանից հետո չի ցանկացել շարունակել հրապարակային բանավեճը եւ հեռացել է հանրահավաքից:



























