Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հրապարակել 2012 թվականի իր զեկույցն` ըստ ոլորտների: Ստորեւ ներկայացնում ենք զեկույցի Պետեկամուտների կոմիտեին վերաբերող հատվածը:

«Պետական եկամուտների կոմիտեի  գործունեության ոլորտում արձանագրվել են հետեւյալ  թերացումները.

•         Մտահոգիչ են բազմաթիվ դեպքերը, երբ հարկային կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձինք միաժամանակ զբաղվում են նաեւ ձեռնարկատիրական գործունեությամբ: Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ առանձին դեպքերում ՊԵԿ պաշտոնատար անձը (կամ նրա հետ սերտորեն փոխկապակցված անձը) օգտագործել է պաշտոնական դիրքը, եւ իր հետ առնչվող ընկերությունը մրցակցային առավելություններ է ստացել միեւնույն շուկայում գործող այլ տնտեսվարողի նկատմամբ:

•         Հստակ եւ արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել ստվերային տնտեսությունը հատկապես խոշոր բիզնեսում էականորեն նվազեցնելու ուղղությամբ:

•         2012 թվականին գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ հարկային մարմնի աշխատակիցները, ստուգումներ իրականացնելիս, առանց բավարար հիմնավորումների եւ/կամ պատճառաբանության վերցրել են հարկատուների աշխատավայրում գտնվող իրերը:

•         Չի իրականացվել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող այլ միջոցների սպառումը, որի հետեւանքով կայացվել է չափազանց մեծ քանակի (շուրջ 5700) հարկային արգելանք կիրառելու վերաբերյալ որոշում:

•         Հարկային ոլորտը կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու դեպքում եղել են ողջամիտ ժամկետների նախատեսման մի շարք խախտումներ:

•         ՊԵԿ-ի կողմից հարկային եւ մաքսային ոլորտին  վերաբերող օրենքների նախագծերի վերաբերյալ չեն կազմակերպվել ձեռնարկատերերի կամ այլ շահագրգիռ անձանց հետ պատշաճ հանրային քննարկումներ:

•         Արձանագրվել են հարկային եւ մաքսային ծառայողների կողմից տնտեսվարողների հետ շփման ընթացքում էթիկայի եւ վարքագծի կանոնների խախտման մի շարք դեպքեր:

Արձանագրված դրական զարգացումները

•         Հարկային օրենսդրության փոփոխությունների արդյունքում պարզեցվել են ավելացված արժեքի հարկի գծով հար­կա­յին հարաբերությունները, որոշ ապրանքների ակցիզային հարկի հաշվարկումը եւ վճարումը, ներդրվել է պրոգրեսիվ եկամտային հարկային համակարգ, ինչպես նաեւ բարելավվել է սուբյեկտների համար հարկման համակարգը:

•         Ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ` հարկ վճարողների ներկայացրած հաշվարկների ու հաշվետվությունների վերլուծություններն ու ուսումնասիրությունները ժամանակին ու պատշաճ կատարելու եւ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով:

•         2012 թվականին վերափոխվել են հարկային եւ մաքսային ծառայությունների վեբկայքերը, որոնց մշակման համար կիրառվել են նոր մոտեցումներ եւ տեխնոլոգիաներ: