Ալիեւյան կլանի ավտորիտար վարչակարգի դեմ ցույցերի ալիքի աճը հանգեցրեց Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի լիակատար փլուզման:  Դեռեւս  Բաքվի կենտրոնում ազգային բանակում մահվան դեպքերի դեմ զանգվածային ցույցից մեկ օր առաջ նախագահի աշխատակազմի բոլոր ենթակա հեռուստաալիքները սկսեցին ցուցադրել  Գլխավոր դատախազության մամուլի ծառայության սյուժեն, որտեղ ասվում էր «կիրակի օրը «Մոլոտովի կոկտեյլների» կիրառմամբ սադրանքների պատրաստվող» ընդդիմության կողմնակից երեք ուսանողների ձերբակալության մասին: «Բնականաբար», նրանք արդեն հասցրել էին տալ խոստովանական ցուցմունքներ եւ «բնականաբար» «թմրամոլներ էին», իսկ  թմրանյութերն էլ, ըստ ձերբակալվածների ծնողների, խուզարկությունից առաջ բերել էին իրավապահ մարմինների աշխատակիցները:  

Սակայն իշխանությունների ռեպրեսիվ կանխարգելիչ միջոցները, ինչպես եւ սպասվում էր, հակառակ ազդեցությունն ունեցան: Երեկ Բաքվի կենտրոնում տեղի է ունեցել ներկայիս Ադրբեջանի համար չտեսնված  իրադարձություն. ըստ անկախ «Թուրան» գործակալության`  իշխանությունների կողմից արգելված ցույցին հավաքվել էր երեք հազարից ավելի մարդ: Խաղաղ ցույցի ընթացքում քաղաքացիական ակտիվիստները եւ բանակում զոհված զինվորների ծնողները «Մոլոտովի ոչ մի կոկտեյլ» էլ չէին կիրառել, հավաքը ցրելու  գործողությունը տեւել էր երկու ժամ: Դրա փոխարեն ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը  իրեն կերակրող Իլհամ Ալիեւի առաջ պարտք չի մնացել. երկու ժամվա ընթացքում Բաքվի կենտրոնը եւ նախագահի ու նրա կնոջ զբոսանքների սիրելի վայր Շատրվանների հրապարակը ողողվել են արցունքաբեր գազով: Արդյունքում ձերբակալվել է 60 մարդ, որոնցից 12-ը կկանգնեն դատարանի առաջ: 

Իսկ Ադրբեջանի պետական քարոզչամեքենան այնքան է խճճվել քաղաքացիական շարժման ակտիվիստներին վարկաբեկելու  փորձում, որ ինչ-որ պահի հրաժարվել է սիրիացի գրոհայիններին աջակցելուց: Բոլոր հեռուստաալիքներով բազմիցս ցուցադրված երեք ընդդիմադիր ձերբակալված ուսանողների մասին սյուժեում պնդում էին, որ «նրանք պատրաստվել էին կիրառել Եգիպտոսի, Լիբիայի եւ Սիրիայի ծայրահեղական խմբավորումներին հատուկ մեթոդներ»: Իսկապես, դժվար է ասել, թե սա  ինչ-որ պաթոլոգիա է. Ադրբեջանը մոլեգնորեն աջակցել էր Լիբիայի հեղափոխության առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալմանը, այժմ պաշտոնական Բաքուն առավոտից երեկո աջակցում է սիրիական ընդդիմության գրոհայիններին, տվյալ հարցում Թուրքիայի սադրիչ քաղաքականությանը, սակայն հենց գործը հասավ սեփական երկրում իրավիճակի վերահսկման աստիճանական  կորստին, Իլհամ Ալիեւին դուր չեկան լիբիական եւ սիրիական գրոհայինների մեթոդները:  «Բաքվի խանի» աբսուրդների ներկայացումը դեռ շարունակվում է:

Իվան Ղարիբյան