«Մեկուսացում. ուրբանիզացիան հակընթաց բնությանը» ցուցահանդեսը կբացվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում մարտի 12-ին ժամը 15:00-ին:
«Մեկուսացում. ուրբանիզացիան հակընթաց բնությանը» ցուցադրությունը մարդու եւ բնության օտարումն է: Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված արվեստագետներն իրենց ստեղծագործություններում անդրադառնում են կենդանական աշխարհին ու բնությանը՝ երեւան հանելով վայրի բնության պարզ ու անկաշկանդ, միեւնույն ժամանակ խորը էությունը: Ցուցադրության առանցքային ստեղծագործությունը Ֆրեդերիկ Պրեսկոտի կինետիկ քանդակն է՝ Նյու Յորքը, որպես ժամանակակից ուրբանիստական զարգացման ցայտուն օրինակ: Աշխարհի ամենամեծ քաղաքը մարմնավորող քանդակի կինետիկ, դինամիկ հորինվածքը բեւեռային հակասության մեջ է կենդանիների եւ բնության խաղաղ ներկայության հետ, ինչը յուրահատուկ երկխոսություն է ստեղծում մարդկության գոյության երկու միջավայրերի շուրջ` թե բնական, թե արհեստական:
«Ընդգծելով բնության եւ աճող ուրբանիզացիայի հակազդեցության խնդրի կարեւորությունը՝ ցուցահանդեսը դիտողին մղում է դեպի այն՝ առաջարկելով վերստին կապ հաստատել դրա բնակիչների հետ»,- նշել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում եւ աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: Ոգեշնչվելով իր հիմնադրի՝ Ջերարդ Լ. Գաֆէսճեանի տեսլականով, Կենտրոնն առաջարկում է բազմազան ցուցահանդեսներ, ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, կազմակերպում դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր եւ կրթական ծրագրեր:



























