Եթե ընդհանուր հայտարարի  չգանք, ՀՅԴ-ն Երեւանի ավագանու ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոււյցում նշեց, ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը:

Նա նշեց, որ բանակցությունները դեռ չեն ավարտվել, մինչեւ շաբաթվա վերջ պարզ կլինի ՀՅԴ-ի մասնակցության ֆորմատը: Արսեն Համբարձումյանի խոսքով` ՀԱԿ-ի հետ որեւէ քննարկում չի եղել, իսկ  «Ժառանգության» եւ ԲՀԿ-ի հետ մի քանի հանդիպումներ ունեցել են, քննարկումներ եղել են: Թե երբ կկայանա եռակողմ հաջորդ հանդիպումը, դեռեւս հայտնի չէ:

Հարցին, թե ինչպե՞ս կարող է միասնական ճակատ ձեւավորվել, երբ ԲՀԿ-ն արդեն հայտարարել է, որ իր ցուցակը ղեկավարելու է Վարդան Օսկանյանը, Արսեն Համբարձումյանը պատասխանեց. «ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստում հստակ հայտարարվեց, որ բանակցություններն ավարտված չեն համարվում, պատրաստ են ավելի լայն ձեւաչափով ԲՀԿ առանցքի շուրջ մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին»:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը ոչ իշխանական ուժերին՝  «Ժառանգությանը», «Բարգավաճ Հայաստանին» եւ Դաշնակցությանն առաջարկել է միասին հանդես գալ մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում: