Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը դեռեւս չի որոշել` մասնակցելո՞ւ է մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին, թե` ոչ: Այս մասին այսօր` մարտի 11-ին, մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
Նա իր դրական վերաբերմունքն է արտահայտել Երեւանի ներկա քաղաքապետ Տարոն Մարգարյանի նկատմամբ, ով այդ ընտրություններում գլխավորում է ՀՀԿ համամասնական ցուցակը:
Անդրադառնալով նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական քայլերին, Թովմասյանը նկատեց. «Կոմկուսի վերաբերմունքը «Ժառանգության» գործողություններին կախված է նրանից, թե ինչ գաղափարներ են ընկած նրանց գործունեության հիմքում, քանի որ մենք գաղափարական կուսակցություն ենք: Եթե նա կրկնի նախկին սխալները, իհարկե, մենք նրան չենք պաշտպանի: Ինչ վերաբերում է հացադուլին, դա նրա գործն է, ես չեմ կարող որեւէ խորհուրդ տալ: Ես անպայման կայցելեմ Րաֆֆի Հովհաննիսյանին, եթե նա հացադուլ սկսի»:



























