«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն ինձ համար անընդունելի է: Այս մասին, այսօր` մարտի 11-ին, հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` հավելելով, որ ի տարբերություն իր գործընկերների, չի ցանկանում ավելի կտրուկ բառերով բնութագրել Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները, որպեսզի կրակի վրա յուղ չլցնի:
Սահակյանի խոսքով` ցանկացած պայքարող քաղաքական գործիչ ինքն է ընտրում իր պայքարի ուղին, սակայն ինձ համար հացադուլն անընդունել է: «Ինձ համար անընդունելի է նաեւ այն, որ քաղաքական գործիչը իրեն թույլ է տալիս Ղարաբաղն անվանել գավառ, հայ հասարակության մեջ թուրքեր է որոնում: Դա ալիեւյան ոճ է: Անընդունելի է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման խաղաղ գործընթացն ուղղել այլ հուն: Տրամաբանական չէ, որ նման գործիչը ղեկավարի ժողովրդին»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարություններին, որ Սերժ Սարգսյանը կերդվի միայն իր դիակի վրա, Սահակայնն ասաց,ո ր ՀՀԿ-ն երբեք զոհաբերության կողմնակից չի եղել: «Մենք դեմ ենք մերոնց կորուստներին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, մերն է: Մենք թշնամիներ չենք, մրցակիցներ ենք»,-ընդգծեց Գալուստ Սահակյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանն այցելի Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին, նա պատասխանեց, որ դա լավ PR քայլ կլիներ: «Չեմ կարծում, որ նման բան տեղի կունենա, թեեւ նախագահը բարի եւ հանդուրժող է: Հնարավոր է, որ եթե ժողովուրդը շատ ցանկանա, նախագահն ընդառաջ կգնա ժողովրդի ցանկությանը»,-հավելեց Սահակյանը:
Անդրադառնալով ներքաղաքական հետագա զարգացումների կանխատեսումներին, եթե իշխանություններն ու ընդդիմությունը չկարողանան համաձայնության գալ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակի օրենքի շրջանակներում հանրահավաքները, ապա դա իր գործն է:



























