Հենց առաջին օրվանից Հայ ազգային կոնգրեսն ինձ համար անընդունելի դաշինք էր, քանի որ այն ոչ այլ ինչ էր, քան երկիրն ավերած Հայոց համազգային շարժումը: Այդ մասին այսօր` մարտի 11-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
Խոսելով երկրի քաղաքական կյանքում Հայ ազգային կոնգրեսի ունեցած դերի մասին` նա այն անվանել է «հայ ազգային կատակերգություն» եւ ընդգծել, որ այդ քաղաքական ուժի կողմից ոչ մի դրական քայլ չի արվել:
Ըստ նրա համոզման` իշխանությունների հիմնական սխալն այն է, որ նրանք հեռացրել են խորհրդային կադրերին, այսինքն առաջին հերթին սխալվել են կադրային քաղաքականությունում: «Սխալ տնտեսական քաղաքականության հետեւանքով ապագա սերունդն արդեն պարտքեր ունի: Ներկայումս անհրաժեշտ է ավելացնել կադրերի նկատմամբ պահանջկոտությունը», - եզրակացրել է կոմունիստների առաջնորդը:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am




























