Նախագահական նստավայրից ապատեղեկատվություն է տարածվել, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մերժել Սերժ Սարգսյան կողմից իր աշխատակազմի ղեկավարի միջոցով արված առաջարկը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ընդամենը պատասխանել է, որ պատրաստ է հանդիպել գործող նախագահի հետ Ազատության հրապարակում, ուր երեկվանից հացադուլ է հայտարարել:

«Ավելին՝ մինչեւ երեկ ժամը 6.30-ը, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց իր այդ քայլի մասին, նա պատրաստակամություն էր հայտնել հանդիպել Ս. Սարգսյանին՝ ցանկացած վայրում եւ լսել նրա կողմից արվելիք առաջարկները՝ ուղղված այս քաղաքական ճգնաժամին լուծումներ տալուն: Սակայն մինչեւ երեկ ժամը 6.30-ը որեւէ նման առաջարկ Ս. Սարգսյանի կողմից չի արվել: Այդ է պատճառը, որ հայտնի հանգամանքներից ելնելով՝ գտնվելով հացադուլի մեջ, Րաֆֆի Հովհաննիսյանն այդ առաջարկի կապակցությամբ պատրաստակամություն է հայտնել հանդիպելու գործող նախագահին Ազատության հրապարակում»,- ասաց մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը մարտի 10-ին զանգահարել է Րաֆֆի Հովհաննիսյանին Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավերը փոխանցելու համար, սակայն մերժում է ստացել: Այս մասին Panorama.am-ի հարցին ի պատասխան, ասել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը: Հարցին, թե Սերժ Սարգսյանը նախատեսո՞ւմ է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, Արզումանյանը պատասխանել է.«Գիտե՞ք, երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգահարել է պարոն Հովհաննիսյանին հենց հանդիպման պաշտոնական հրավերը փոխանցելու համար: Մենք ափսոսանքով ենք արձանագրում պարոն Հովհաննիսյանի մերժումը՝ հանդիպելու եւ մանրամասն ու համակողմանի քննության առնելու առկա բոլոր հարցերը: Մեզ մնում է միայն հուսալ, որ պարոն Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը եւ սթափ գիտակցում է երկխոսության դե-ֆակտո մերժման ճանապարհի վտանգները»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am