ՀՀԿ-ն բոլոր քաղաքական ուժերին լուրջ մրցակից է համարում Երեւանի ավագանու ընտրություններում: Այս մասին, այսօր` մարտի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքով` ՀՀԿ-ն մտավախություն չունի, որ իրենք չեն հավաքի անհրաժեշտ թվով ձայներ: «Չեմ ցանկանում առաջ ընկնել, մեզ համար գլխավորն այն է, որ քաղաքի կառավարումը չընկնի այնպիսի քաղաքական ուժի ձեռքը, որը հակահայկական տեսակետներ է արտահայտում»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` մարտի 11-ին,  սկսվել է Երեւանի ավագանու ընտրություններում կուսակցական ցուցակների առաջադրումը, որը կտեւի մինչեւ մարտի 21-ի ժամը  18.00-ն: Մայրաքաղաքի ներկայացուցչական մարմնի ընտրությունները տեղի են ունենում միայն համամասնական կարգով, որը մեծացնում է դրանց քաղաքական բաղադրիչը: Կընտրվի 65 մարդ: Ընտրոթյունները տեղի կունենան մայիսի 5-ին: Ընտրություններում հաղթած կուսակցությունը կնշանակի քաղաքապետին: 

Ամենայն հավանականությամբ, ընտրություններում հիմնական պայքարը կընթանա Հայաստանի Հանրապետական կուսակցության, որի համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, եւ «Ժառանգություն» կուսակցության գլխավորությամբ ընդդիմադիր ուժերի հնարավոր դաշինքի միջեւ: «Ժառանգության»  առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում ԿԸՀ-ի պաշտոնական տվյալներով հավաքել էր ձայների 37%-ը` զբաղեցնելով երկրորդ տեղը (մայրաքաղաքում նրա արդյունքը կազմել էր 42,9%` պետության գործող ղեկավար Սերժ Սարգսյանի 49,5%-ի դիմաց): Նա չի ճանաչել պաշտոնական արդյունքները եւ հանրահավաքներ է անցկացնում Երեւանում եւ մարզերում:

Հովհաննիսյանը դեռ ուղղակիորեն չի հայտարարել մայիսի 5-ի ընտրութուններին իր կուսակցության մասնակցության մասին, սակայն հանրահավաքներում նա եւ նրան միացած ՀՅԴ-ն  առաջիկա քարոզարշավը բազմիցս անվանել են պայքարի կարեւոր փուլ:

Երեւանի ավագանու խորհրդի ընտրություններին իր մասնակցության մասին հայտնել է նաեւ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը չի առաջադրել իր թեկնածուին եւ պաշտոնապես ոչ ոքի չի աջակցել պետության ղեկավարի վերջերս կայացած ընտրություններում:  ԲՀԿ-ի  համամասնական ցուցակը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանի կառավարման օրոք արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Վարդան Օսկանյանը: ՀՀԿ-ի հետ իշխող կոալիցիա կազմող  «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը կգլխավորի Հայաստանի ԱԻՆ-ի ղեկավար Արմեն Երիցյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am