Ադրբեջանական բանտում մահացած Մանվել Սարիբեկյանի փաստաբան Արա Ղազարյանը մտադիր է մոտ ժամանակներս կրկին հայց ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին NEWS>am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Արա Ղազարյանը:

Նախորդ տարվա նոյեմբերին նա հարցում էր ուղարկել ՄԻԵԴ, քանի որ այդ գործով նամակագրությունը տարօրինակ կերպով ձգձգվում էր: Պատասխան մինչ օրս չի ստացվել:

Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ նամակագրության ձգձգման հետեւանքով դիմումի ներկայացման ժամկետները խախտվում են: «Եվրադատարանի հետ աշխատում եմ 10 տարի, մի քանի տասնյակ  գործեր եմ ներկայացրել, սական երբեւէ նման բանի հետ չեմ բախվել: Ուշագրավ է, որ մեկ գործում միանգամից եռակի խախտվել է նամակագրության փոխանցման ժամկետը: Դա մտորելու տեղիք է տալիս»,-նշել էր փաստաբանը, ենթադրելով, որ գործի քննությունը տապալելու նման փորձերը կարող են լինել ադրբեջանցի աշխատակիցների «գործունեության» արդյունք:

Նշենք, որ ՄԻԵԴ-ի կանոնակարգը պատրադիր պատասխան չի ենթադրում: Արա Այդուհանդրձ, Ղազարյանի խոսքով` ինքը մտադիր է հետեւողական լինել այդ հարցում: «Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ տեղի ունեցած խախտումը մենք շատ լուրջ ենք համարում եւ ձգտում ենք որեւէ այլ խախտում թույլ չտալ»,-ընդգծել է Ղազարյանը:

Եվրադատարան դիմումն ուղարկվել է Մանվել Սարիբեկյանի ծնողների` Մամիկոն Սարիբեկյանի եւ Սիրանույշ Բալյանի անունից` «Արնի կոնսալտ» փաստաբանական գրասենյակի կողմից: գործն արդեն գրանցվել է դատարանում: Բացի այդ, միջնորդություն է ներկայացվել գործը առջնահերթության կարգով քննելու համար:

Հիշեցնենք, որ Մանվել Սարիբեկյանը Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ էր, իսկ գյուղի անմիջական հարեւանությամբ անցնում է հայ-ադրբեջանական սահմանը: 2010թ. սեպտեմբերի 11-ին երեկոյան ժամը 17-ի սահմաններում Մանվել Սարիբեկյանն իր ընկերների հետ գնացել էր գյուղի Քեղուտ կոչվող հանդամասի ուղղությամբ՝ մոտական անտառից փայտ հավաքելու եւ իր եւ գյուղի մյուս բնակիչների անասուններին փնտրելու նպատակով, որտեղից այլեւս չի վերադարձել:

Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե, իբր Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձերբակալվել է հայ հետախույզ, ով ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով դիվերսիոն խմբի հետ փորձել է հատել Ադրբեջանի սահմանը, սակայն ձերբակալվել է, իսկ խմբի մյուս անդամները դիմել են փախուստի: Իր հերթին ադրբեջանական ANS TV հեռուստաընկերությունը պատրաստել է հատուկ թողարկում, որում ցուցադրվել է Մանվել Սարիբեկյանի հարցազրույցը հեռուստաընկերության աշխատակցի հետ: Սույն հարցազրույցն այնուհետեւ տեղադրվել է համացանցում, որտեղից էլ Մանվելի ծնողները տեղեկացել են, որ Մանվելը գտնվում է Ադրբեջանում, ձերբակալվել է հատուկ մարմինների կողմից եւ որ մեղադրվում է ահաբեկչության փորձի մեջ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակը փորձել է Ադրբեջանի իր գործընկերներից թույլտվություն ստանալ Մանվել Սարիբեկյանի հետ հանդիպելու համար, սակայն ադրբեջանական կողմը մերժել է նման թույլտվություն տալը:

2010թ. հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը եւ զինվորական դատախազությունը համատեղ հայտարարություն են տարածել այն մասին, որ Մանվել Սարիբեկյանն ինքնասպան է եղել կալանքի տակ գտնվելիս: Ըստ պաշտոնական հաղորդագրության, նա ինքնասպան է եղել հոկտեմբերի 5-ին, գիշերը ժամը 3-սահմաններում կախվելու՝ կալանքի տակ գտնվելիս պարանոցին վերնաշապիկից եւ սավանից պատրաստված օղակ հագցնելու միջոցով: Մոտ մեկ ամիս անց, 2010 թվականի նոյեմբերի 4-ին ադրբեջանական իշխանությունները Հայաստանին հանձնել են Մանվել Սարիբեկյանի դին: Դիակի զննությամբ պարզվել է, որ այն պատշաճ կերպով չի պահպանվել Ադրբեջանում, քանի որ այն եղել է քայքայված վիճակում:

2010թ. նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության Ճամբարակ քաղաքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ առանձին դաժանությամբ եւ ազգային ատելության շարժառիթներով սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 13-րդ կետերի հատկանիշներով: ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությանը:

2010թ. նոյեմբերի 5-ին նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ըստ որի պարզվել է, որ Մանվելի մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնք ունեին խոշտանգման հատկանիշներ, որոնք չէին կարող առաջանալ կախվելու հետեւանքով եւ որոնք առաջացել էին մահվանից մեկ եւ երկու օր առաջ: Գյուղի մի շարք բնակիչներ, ովքեր մասնակցել են Մ. Սարիբեկյանի թաղման արարողությանը, նույնպես նկատել են նրա մարմնի վրա բռնության տեսանելի հետքեր:

Եվրոպական դատարան ներկայացված գանգատում նշվում է, որ անկախ այն հանգամանքից, թե որն է եղել Մանվելի մահվան պատճառը, Ադրբեջանը պատասխանատու է իր բացառիկ իրավազորության ներքո՝ կալանավայրում գտնվող անձի կյանքի համար:Ինչ վերաբերում է մարմնական վնասվածքներին, ապա Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո վիճարկվում է, որ մահվանից առաջ Մանվելը ենթարկվել է խոշտանգումների, որից հետո կատարվել է ինքնասպանության իմիտացիա՝ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով:

Ադրբեջանի հանրապետությունը չի ապահովել պաշտոնական անկախ հետաքննության անցկացում՝ մահվան եւ խոշտանգումների փաստերի հիմքով: Ավելին, Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են համագործակցել Հայաստանի Հանրապետության հետ իրավական պաշտպանության միջազգային կառուցակարգի՝ 1993թ. Մինսկի կոնվենցիայի շրջանակներում: