Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն անցյալ շաբաթ` մարտի 4-7 ժամանակահատվածում 21.5 մլն դոլար է վաճառել «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում: Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջից:
Ակնհայտ է, որ դոլարային ինտերվենցիան իրականացվել է դրամի կտրուկ արժեզրկումը կանխելու նպատակով: Ամենայն հավանականությամբ` ինտերվենցիայի հիմնական մասը կատարվել է մարտի 4-ին, երբ բորսայում դոլարի փոխարժեքը բարձրացավ մինչեւ 411.42 դրամ: Դրանից հետո փոխարժեքը փոքր-ինչ կայունացավ, սակայն այս շաբաթ կրկին դրամը նահանջեց:
Դրամի թուլացմանը կարող են նպաստել տարբեր գործոններ: Ավանդաբար` մարտ-ապրիլը դրամի համար բարենպաստ ամիսներ չեն, քանի որ տրասնսֆերտները կտրուկ նվազում են, հետեւաբար` շուկայում նվազում է դոլարի առաջարկը:
Այս տարվա մարտը առանձնահատուկ է նաեւ նրանով, որ զբոսաշրջային այցելությունները հարեւան Իրանից նույնպես կտրուկ նվազել են, իսկ իրանցի զբոսաշրջիկները մեծ քանակությամբ դոլար էին բերում իրենց հետ:
Մարտի առաջին շաբաթում տեղի է ունեցել նաեւ շրջանառությունում կանխիկ դրամի քանակի աճ, ինչը նույնպես կարող է նպաստել դրամի դիրքերի թուլացմանը: Այսպես` մարտի 7-ին կանխիկ դրամի քանակությունը հասել է 412 մլրդ դրամի` փետրվարի վերջի 398 մլրդ-ի համեմատ:



























