Գավառ քաղաքի բնակիչ Աբրահամ Խլոյանը, ամուսնալուծվելու մտադրություն ունենալով հանդերձ, իրենց բնակարանի ննջասենյակ է կանչել իր կնոջը ` Գ. Թ-ին եւ պահանջել է մերկանալ: Նա շուրջ 10 րոպե կնոջը մերկ վիճակով կանգնացրել է մահճակալի մոտ, որից հետո բռնություն գործադրելու սպառնալիքով , ապա նաեւ ապտակելով Գ. Թ-ին, նրա կամքին հակառակ հարկադրաբար կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ:Մարտունիի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն` Աբրահամ Խլոյանը տարբեր օրերի խոշտանգել է իր կնոջը` Գ. Թ-ին, այն է` պարբերաբար ծեծի ենթարկելով ` մարմնական եւ հոգեկան տառապանք է պատճառել նրան:

Աբրահամ Խ-ն  անկողնում պառկած ժամանակ անհիմն պատճառով փոշեծծիչի խողովակով մի քանի անգամ հարվածել է Գ. Թ-ի սրունքներին: Օրեր անց,  երբ Աբրահամ Խլոյանը աշխատանքից տուն է վերադարձել , ձեռքով երեք եւ ավելի հարվածներ է հասցրել Գ-ի մարմնի տարբեր մասերին , որից հետո, նույն օրն իրենց տանը, նրան ծնողների ներկայությամբ հրել գցել է գետնին, որի հետեւանքով Գ-ն ստացել է աջ ծնկի հոդի քերծվածք: Դրանից բացի, Խլոյանը ձեռքով երեք եւ ավելի անգամ հարվածել է Գ. Թ-ի մարմնի տարբեր մասերին:

Նույն օրը, նա աթոռի ոտքով մեկ անգամ հարվածել է Գ-ի ձախ ուսագոտուն, իսկ շղթայով մեկ անգամ հարված է հասցրել կրծքավանդակի աջ կեսի թիկնային շրջանում:

Քննելով գործը, դատարանը վճռել է Աբրահամ  Խլոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին եւ 139-րդ հոդվածի 1-ին մասերով: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով, վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 3  տարի 6  ամիս ժամկետով:

Ստացվել է վերաքննիչ բողոք, ըստ որի պահանջում են դադարեցնել Աբրահամ Խլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը:

Հերթական դատական քննության օրը նշանակվել է մարտի 13-ին: