Ամեն ինչ հնարավոր է, եթե ամբիցիաները կրկին չգերակայեն, քանի որ հայ ժողովրդի պատմության ընթացքում դրանք հաճախ բավական բացասական դեր են խաղացել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը` մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» եւ ՀՅԴաշնակցություն կուսակցությունների` Երեւանի ավագանու ընտրություններին հնարավոր միավորման հարցը:

«Ես վախենում եմ, որ ամբիցիաներն ու մեծամտությունը կխանգարեն այդ կուսակցություններին միավորվել: Սակայն, իհարկե դա հնարավոր է, թեեւ քիչ հավանական»,- հավելել է Ռուբեն Թովմասյանը: Հարցին, թե ո՞վ կարող է գլխավորել հնարավոր միասնական ցուցակը, նա նշել է, թե չգիտի: «Ասօրվա դրությամբ, առաջին գծում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է: Տրամաբանական է, որ հենց նա գլխավորի ցուցակը, սակայն Հովհաննիսյանը կհամարի, թե կանգնել է մեծ պայքարի ճանապարհին եւ դժվար թե իջնի քաղաքապետի պաշտոնի մակարդակի»,- ասել է կոմկուսի ղեկավարը: