ՀԱԿ նախկին անդամ, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը պատասխանել է NEWS.am-ի թղթակցի մի քանի հարցերին:

-Ե՞րբ հայտնի կլինի` Պահպանողական կուսակցությունը մասնակցելո՞ւ է Երեւանի ավագանու ընտրություններին, թե` ոչ: Ավելի հավանական է մասնակցությո՞ւնը, թե՞ չմասնակցությունը եւ ինչո՞ւ:

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության ձեւաչափը Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհուրդը կվճռի, ամենայն հավանականությամբ, այս շաբաթավերջին: Անձամբ հակված եմ ցուցակով հանդես չգալուն, քանի որ միայնակ չենք կարողանալու վերահսկիչ փաթեթ ստանալ, իսկ մի քանի տեղ ունենալը կնշանակեր աթոռակռիվ. դա մեզ համար անընդունելի է:

-Արդյոք ճի՞շտ եք համարում Երեւանի ավագանու ընտրություններին ընդդիմության միասնական մասնակցությունը, եթե ոչ, ապա` ինչո՞ւ:

Ո՛չ, ճիշտ չեմ համարում, քանի որ, ինչպես ցույց տվեց վերջին մեկ տարին, ընդդիմության թեւերը ռազմավարական ընդհանրություններ չունեն, եւ երեւանցիներին խաբել պետք չէ:

-Ինչպե՞ս եք գնահատում հետընտրական իրավիճակը Հայաստանում, մասնավորապես` նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքները եւ սկսած հացադուլը:

Ի պատիվ պարոն Րաֆֆի Հովհաննիսյանի եւ մասամբ իշխանությունների՝ հետընտրական վիճակը քաղաքակիրթ երկխոսության հանգեցնող տպավորություն է թողնում: Պարոն Հովհաննիսյանի հանրահավաքներին եւ, մանավանդ, հացադուլին բնորոշում տալուց առայժմ ձեռնպահ կմնամ՝ զգուշանալով սխալ հասկացվելուց:

-Ի՞նչն է պատճառը, որ Դուք եւ Ձեր ղեկավարած կուսակցությունը չեք միացել այդ պայքարին, կամ գուցե միացե՞լ եք, եղել եք Ազատության հրապարակում:

Ճիշտ եք նկատել՝ չենք միացել, քանի որ նախ՝ մեր սուղ տեղեկատվությամբ ընտրությունների արդյունքները, ցավոք, վիճարկելի չեն, երկրորդ՝ իր ամփոփիչ տեղեկատվությունը, հանրապետության բոլոր ընտրատեղամասերից ստացված արդյունքների վրա հենվելով, պարոն Հովհաննիսյանն առայժմ չի ներկայացրել հանրությանը, որի մաս ենք կազմում նաեւ պահպանողականներս. մենք առայժմ չգիտենք, թե ըստ պարոն Հովհաննիսյանի՝ ինքը կոնկրետ քանի տոկոս ձայն է հավաքել: Իսկ եթե միակ պահանջը կատարած ընտրության առթիվ ժողովրդի հաղթանակը շնորհավորելն է, ապա մենք եւս շնորհավորում ենք:

 -Ի՞նչ եք կարծում` Րաֆֆի Հովհաննիյսանը եւ նրա կողմնակիցները պայքարի ճի՞շտ ձեւն են ընտրել եւ վերջնարդյունքում որեւէ բան կփոխվի՞, թե` ոչ:

Նախ՝ մենք այդպես էլ չենք հասկանում, թե կոնկրետ ինչ թվերի վրա հենված եւ որն է պարոն Հովհաննիսյանի պահանջը, ուստի չենք կարող գնահատել պայքարի ձեւը, քանի որ չգիտենք պայքարի հիմնավորված թիրախը եւ նպատակը: Սակայն, խորապես շնորհակալ ենք պարոն Հովհաննիսյանին՝  հայաստանյան քաղաքականության մեջ սոլիդություն եւ բարեկրթություն մտցնելու համար: Ինչ վերաբերում է որեւէ բան փոխվելուն, վստահաբար ասում ենք, որ արմատական որեւէ բան չի փոխվելու, թեեւ բացառված չեն ճնշման տակ կոսմետիկ բարեփոխումները:

-Որպես ՀԱԿ դաշինքի նախկին անդամ, ով 2008թ. Ազատության հրապարակում էր եւ ակտիվ մասնակցում էր հետընտրական զարգացումներին, կցանկանայի իմանալ Ձեր տեսակետը` ի՞նչ նմանություններ եւ տարբերություններ կան 2008թ. եւ 2013թ. հետընտրական զարգացումների մեջ:

Նմանությունը միայն այն է, որ ընտրության հրապարակված արդյունքները չեն բավարարել թե՛ այն ժամանակվա, թե՛ այժմյան ընդդիմադիր թեկնածուներին, եւ նրանք հրապարակ են բերել արդյունքների հավաստիությանը կասկածող զանգվածներին: Տարբերությունները թե՛ առարկայական են, թե՛ խորքային. նախ՝ այս անգամ ընտրությունների օրն անհիմն մեղադրանքներով չձերբակալվեցին մրցակցի վստահված անձինք, չծեծվեցին  հիմնական մրցակցի կողմնակիցները, օլիգարխների եւ ոստիկանության բացահայտ այլանդակություններ տեղի չունեցան, ընտրություններից հետո հանրահավաքներից չգողացան ու չփակեցին ընդդիմության առաջնորդներից եւ շարքային անդամներից շատերին, երկրորդ՝ 2008 թ. մեր առաջնորդի շտաբը կոնկրետ տոկոսներ հրապարակեց մեր թեկնածուի շահած ձայների մասով, ինչին հավատացին հարյուր հազարավոր քաղաքացիներ եւ դարձան ցուցարար, երրորդ՝ անձամբ ինձ համար եւ Պահպանողական կուսակցության համար 2008-ին կար Վրաստանի նախանձելի եւ ոգեշնչող օրինակը, մինչդեռ այսօր կա նույն Վրաստանի զգաստացնող եւ զսպող օրինակը. Հայրենիքի ճակատագրի հետ խաղ անել չի կարելի: