Ի պաշտպանություն Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանի վաղաժամ ազատ արձակման ստորագրահավաք չի անցկացվի: Այս մասին նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարգար Օհանյանի եղբայրը` ոստիկանության Մեծամորի բաժնի նախկին պետ Մուշեղ Օհանյանը: Նրա խոսքով` նման հարցեր չեն շոշափվել, քանի որ Մարգար Օհանյանը դեմ է նման բաների:
Մուշեղ Օբանյանը նշեց, որ հանդիպում է Մարգար Օհանյանի հետ եւ նրա վիճակը լավ է: Հարցին, թե վիրավորված չէ՞, որ ներման խնդրագրի պատասխանն այսքան ուշացվում է, նա բացասական պատասխան տվեց:
Ավելի վաղ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը («Ճոյտ») NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ պատրաստ է իր ստորագրությունը դնել՝ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանի ազատ արձակման խնդրագրի տակ, որ նրան ներում շնորհեն: «Եթե նախաձեռնողներն ինձ դիմեն, առաջիններից մեկը ես կլինեմ, ով կստորագրի եւ կխնդրենք երկրի նախագահին, որ ներում շնորհի, որովհետեւ Մարգարը հասարակության համար վտանգ չի ներկայացնում»,- ասել էր Հակոբ Հակոբյանը: NEWS.am-ը հայտնել էր նաեւ, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն մայիսի 30-ին, Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման: Նշենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Ըստ այդմ, 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին: Ըստ մեղադրանքի, Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` կտրոնների տեսքով, դրանով հասցնելով պետությանը 160 միլիոն դրամի (շուրջ 420 հազար դոլար) չափով վնաս: Նա նաեւ ներման խնդրագիր էր փոխանցել Սերժ Սարգսյանի, որը մինչեւ այսօր անարձագանք է մնացել:



























