Հայաստանում 2025 թ. աղքատությունը կկազմի 13.6%՝ ներկայիս 33.1%-ի համեմատ: Այդ մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած «2012-15 թ.թ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում» (նախագիծ):

Նշվել է, որ նախաճգնաժամային տարիներին Հայաստանում տարեցտարի արձանագրվում էր աղքատության մակարդակի անընդմեջ կրճատում: Այսպես` 2004-2008 թթ. ընթացքում աղքատության ընդհանուր գծից ցած գտնվող բնակչության մասնաբաժինը կրճատվել է 11.1 տոկոսային կետով՝ 34.6%-ից իջնելով 23.5%:

Տնտեսական անկման հետեւանքով 2009 թ. գրանցվեց հակառակ միտում` աղքատության մակարդակի աճ: 2009 թ. աղքատ բնակչության մասնաբաժինն աճեց՝ առաջին անգամ 1999թ. հետո: 2010 թ. աղքատությունը հասավ իր առավելագույն՝ 35.8% մակարդակին, այնուհետ մի փոքր նվազեց:

Նույն միտումներն արձանագրվեցին նաեւ ծայրահեղ աղքատության մակարդակի առումով: