«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններում մասնակցության ձեւաչափին` ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր. «ԲՀԿ առանցքի շուրջ ովքեր կցանկանան համախմբվել, մենք կարող ենք ընդունել»: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

«Մինչեւ այս պահը ընդդիմադիր հատվածի համախմբում այդպես էլ չգրանցվեց: Aravot.am-ը ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների հետ զրույցում հետաքրքրվեց` չհամախմբման պատճառն այն էր, որ ԲՀԿ-ն պահանջեց իր առանցքի շուրջ համախմբվե՞լ, թե՞ պատճառն այլ հարթությունում պետք է փնտրել: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հարցի կապակցությամբ փոխանցեց հետեւյալը. «Այստեղ որեւէ կուսակցական անվանման կարիք չկա: Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հայտարարել է, որ սա որեւէ կուսակցության պայքար չէ, այլ ով ժողովրդի կողքին է, պիտի լինի Ազատության հրապարակում: Այսուհետ կուսակցական ամբիցիաները, իմ, ուրիշի շուրջ միանալը, բացարձակ տեղին չեն:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հարցին այսպես պատասխանեց. «Մենք այս օրերին մեր գործընկերների հետ քննարկումների ընթացքում բաց եւ անկեղծ ենք եղել, ներկայացրել մեր դիրքորոշումը: ԲՀԿ-ն կողմ է եղել լայն համախմբման եւ կոնսոլիդացիայի: Մենք բաց եւ անկեղծ քննարկումների ժամանակ մեր գործընկերներին ասել ենք` որն է մեր մոտեցումը»: Մեր այն դիտարկմանը, թե ԲՀԿ-ն չի ՞վախենում հավակնոտ ուժի տպավորություն թողնել, տիկին Զոհրաբյանն այսպես պատասխանեց. «Այստեղ ամբիցիոզ լինելու խնդիր չկա, պարզապես ԲՀԿ-ն իրատես քաղաքական ուժ է»:

ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն էլ խնդրի առնչությամբ փոխանցեց հետեւյալը. «Համախմբման պայմաններից մեկն այն է, որ քաղաքական ուժերը փորձեն իրենց հավակնությունները զսպել եւ ճիշտ կոմպրոմիսային լուծումների գնալ: Մենք բանակցությունների ժամանակ հանդես ենք եկել այդ դիրքերից եւ որեւէ անառողջ հավակնություն չենք ցուցաբերել: Իսկ թե ինչու մինչեւ հիմա չունենք միասնական ճակատ` գնահատականները թողնում եմ Ձեզ»: Պարոն Համբարձումյանը մի կողմից արձանագրեց այն փաստը, որ այսօրվա իրավիճակով ընդհանուր հայտարար ձեւավորված չէ, մյուս կողմից էլ կարծիք հայտնեց, որ չի կարելի վերջնականապես ասել, թե բանակցությունները ձախողված են: Այնուհետեւ հավելեց. «Կարծում եմ՝ դեռ փոքր հնարավորություն պահանջվում է համախմբման: Քանի դեռ բանակցությունները, որպես այդպիսին, ավարտված չեն հայտարարվել, փակագծեր կան, որ չէի ցանկանա բացել, քանի որ դրանք կարող են վնասել բանակցությունների հետագա հնարավորությունների ընթացքը: Երբ վերջնական հայտարարի գանք, այդ ժամանակ ավելի բաց կասենք այն մասին, թե ինչու չհաջողվեց»»,- մեջբերում է «Առավոտը»։