Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմության՝ միասնական ձեւաչափով հանդես գալու ոգորումները դեռ մարմին չստացած աննյութանում են, քանի որ ԲՀԿ-ն այդպիսի ձեւաչափը տեսնում է միայն իր առանցքի շուրջը, «Ժառանգությունն՝ իր, մյուսներն էլ դեռ մտմտում են։ Այդ մասին գրում է «Ազգ» թերթը։

«Գաղտնիք չէ, որ մայրաքաղաքը Հայաստանի կեսն է, եւ միգուցե ավելին, եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնն այս առումով քաղաքական տեսակետից շատ է կարեւորվում: Իշխող մեծամասնություն ՀՀԿ-ն, բնականաբար, կրկին ուզում է ունենալ դա: Մինչդեռ ավագանու ընտրություններում ԲՀԿ-ն ոչ միայն Րաֆֆու ֆենոմենը կրկնելու փորձ է ուզում անել, այլեւ անգամ Գագիկ Ծառուկյանի խոսքով` մասնակցում է հաղթելու համար: Դա նաեւ կարող է մեկ այլ քաղաքական ենթատեքստ ստանալ` վիճարկելով ընդհանրապես երկրորդ քաղաքական ուժ լինելու հայտը ողջ քաղաքական դաշտի համար, ինչը, ըստ նախագահական ընտրություններում երկրորդ արդյունք ցույց տված «Ժառանգության»` հենց իրենք են, որ կան, մինչդեռ այժմ ԲՀԿ-ն է ուզում մկաններ ցույց տալ Րաֆֆուն եւ մյուսներին ու անգամ իրենով անել քաղաքապետի պաշտոնը: Այս իմաստով հետաքրքրական է, որ ԲՀԿ ցուցակը գլխավորելու է հենց քաղաքական դեմք համարվող Վարդան Օսկանյանը: Այնպես որ նախագահական ընտրություններին գործոն դարձած Րաֆֆուն այս անգամ գուցե հակակշռի ավագանու ընտրություններում գործոն դառնալ ցանկացող ԲՀԿ-ն: Ստացվում է, որ Րաֆֆիով ԲՀԿ-ին զսպեցին, իսկ ԲՀԿ-ով էլ այժմ պատրաստվում են Րաֆֆուն զսպել»,- գրում է «Ազգը»: