Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը հայտարարել է, որ ճգնաժամը հաղթահարելու համար երկրի քաղաքացիները պետք է համախմբվեն նախագահ Մուհամեդ Մուրսիի շուրջ: Նախկին նախագահի դիրքորոշման մասին տեղեկացրել է նրա փաստաբան Ֆարիդ ադ Դիբը:

 «Մուբարաքը վշտացած է եւ ծանր ապրումներ ունի», - ասել է նա, գրում է  France 24-ը:

Հոսնի Մուբարաքը Մերձավոր Արեւելքում «արաբական գարնան» հետեւանքով տապալված երկրորդ առաջնորդն է: Այս պահին նա ցմահ ազատազրկման է դատապարտված: Մուրսին էլ իր հերթին բանտային փորձ ունի. Խիստ ռեժիմի օրոք արգելված «Մահմեդական եղբայրներ» շարժման անդամ լինելով՝ երկու անգամ ճաղերի հետեւում էր հայտնվել, գրում է rbc-ն:

Երկու տարի անց Եգիպտոսում թափ է հավաքում ներքաղաքական հերթական ճգնաժամը: Ազատական ընդդիմությունը դեմ է իսլամիստական բլոկի ուժեղացմանը եւ երկրում կրոնական խիստ նորմերի հաստատմանը: