Հայցը, որով վիճարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, կազմում է 15 էջ: Դա ենթադրում է, որ առնվազն 10 էջ պետք է կազմեն հիմնավորումները: Սակայն իրականում 4-5 էջն ընդհանուր բնույթի ենթադրություններ են, ապա բառացի արտագրված են օրենքները: Այդ մասին մարտի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` մեկնաբանելով նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ներկայացված հայցը:
Միեւնույն ժամանակ, Մուկուչյանի խոսքով, օրենքների մեջբերումը պետք է ինքնանպատակ չլինի: «Դրանք պետք է նշեն, որ օրենքի այս հոդվածում հետեւյալն է նշվում, սակայն իրականում սա է եղել, սա է արձանագրվել: Ես չեմ տեսնեւմ պատճառահետեւանքային կապը դիմումի եւ հայցում մեջբերված օրենքների միջեւ: Հայցի վերջին վեց էջը վարչական դատարան ներկայացված հայցի կրկնությունն է, որի վերաբերյալ վարչական դատարանն արդեն վճիռ կայացրել է: Արդեն կա վերջնական դատական ակտ, որի առկայության դեպքում Սահմանադրական դատարանն այն ատյանը չէ, որը կարող է վերանայել վճիռը»,- ասել է Մուկուչյանը:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























