Երեւանի ավագանու ընտրությունները ամենաճակատագրական հարցը չէ մայրաքաղաքի կյանքում: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Նաիրա Նահապետյանը: «Պետք չէ ընտրությունները հասցնել հայ-թուրքական հարաբերությունների կամ կենսաթոշակների հարցի մակարդակի: Դա ընդամենը մեր մայրաքաղաքի զարգացման հերթական փուլն է»,-ասել է նա:

Նահապետյանի կարծիքով՝ Երեւանի լավագույն քաղաքապետը ներկա քաղաքապետ Տարոն Մարգարյանն է. «Ես վստահ եմ, որ հենց նա էլ կվերընտրվի այդ պաշտոնում»:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին: Հաղթող կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարն էլ հենց կզբաղեցնի Երեւանի քաղաքապետի պաշտոնը: