Ադրբեջանական ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրին դատապարտել են 9 տարվա ազատազրկման: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում մարտի 12-ին կայացվել է «Խուրալ» թերթի գլխավոր խմբագիր Ավազ Զեյնալլիի դատավճիռը: Զեյնալլիին արգելվում է ազատվելուց հետո զբաղվել առեւտրային գործունեությամբ մեկ տարվա ընթացքում: Նա նաեւ պետք է 4076 մանաթ վճարի պետական գանձարան:

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել խոշոր չափով կաշառք վերցնելու, սպառնալիքների միջոցով շորթում կատարելու, դատարանի վճռին չենթարկվելու եւ հարկերից խուսափելու մեջ: Զեյնալլին ձերբակալվել էր 2011թ. հոկտեմբերին, իսկ 2012թ մայիսին սկսվել էր դատաքննությունը: Խմբագիրը ձերբակալվել էր նախկին պատգամավոր Գյուլյար Ահմեդովայի հայցի հիման վրա: Վերջինս ինքն է այժմ կալանքի տակ խարդախության մեղադրանքով: Նախկինում Զեյնալլին իր թերթում գրել էր, թե Ահմեդովան խոշոր գումար է առաջարկել իշխանություններին չեզոքություն պահպանելու դիմաց, բայց ինքը մերժել է:

Դատարանում լրագրողն ամբողջությամբ հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները եւ նշել, թե իրեն ձերբակալել են նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի ու քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովի պատվերով:

Դատական նիստի սկզբում Զեյնալլին պահանջել էր սրահից դուրս հանել ANS հեռուստաընկերության նկարահանող խմբին, քանի որ «ANS-ը վաճառել է իր արդար գրիչը»: