Տարիների երկարատեւ նախապատրաստական աշխատանքից հետո ապրիլի 3–ին վերջապես սկսելու է գործել ԵՐԵՎԱՆ-ՎԱՆ-ԵՐԵՎԱՆ չվերթը, որը մանրամասն ներկայացվելու է մարտի 14–ին ժամը 15.00–ին Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության դահլիճում կայանալիք շնորհանդեսին եւ մամուլի ասուլիսին։ Մասնակցելու են երեք տասնյակից ավելի տուրիստական ընկերությունների ղեկավարներ, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան, «Եվրասիա համագործակցության հիմնադրամի», Եվրամիության հայաստանյան առաքելության եւ այլ կազմակերպությունների պատասխանատուներ ու ներկայացուցիչներ։

Ապրիլի 3–ից շաբաթական երկու անգամ կլինեն ուղիղ չվերթեր Երեւանից Վան եւ հակառակ ուղղությամբ։ Երեւան-Վան-Երեւան չվերթի միայն տոմսի արժեքը կլինի 250 դոլարին համարժեք դրամ, իսկ առաջին ամսվա համար լինելու է 20 տոկոսի զեղչ՝ 200 դոլարին համարժեք դրամով։

Լինելու են նաեւ տուրիստական ամբողջական փաթեթներ՝ 3,4 եւ 7 օրով, որոնց արժեքը լինելու է 180 հազար դրամից սկսած՝ ներառյալ ավիատոմսերը, սնունդը եւ հյուրանոցները։ Չվերթը կազմակերպել են Հայաստանյան «ՆԱՐԵԿԱՎԱՆՔ ՏՈՒՐ» եւ թուրքական «ԲՈՐԱ ՋԵԹ» ընկերությունները՝ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության ակտիվ աջակցությամբ։ Չվերթերը կիրականացվեն  եվրոպական արտադրության ATR 72-500 օդանավերով, տեւողությունը՝ 40 րոպե։