Հրանտ Դինքի սպանության մեջ թուրքական պետությանը մեղադրած եւ դրա համար Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի հատկանիշներով մեղադրված Թեմել Դեմիրերի դեմ կրկին նույն մեղադրանքով հետաքննություն է սկսվել։

Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Անկարայի ոստիկանությունը դատախազությանը գրություն է ուղարկել, որ լրագրող Թեմել Դեմիրերը իր գործով դատական նիստի ավարտին կրկին հանցանք է գործել 301-րդ հոդվածի հատկանիշներով։

Փետրվարի 19-ին, քաղաքացիական գործերով Անկարայի 2-րդ դատարանը որոշում էր կայացրել  հետաձգել 301-րդ հոդվածով մեղադրվող Թեմել Դեմիրերի նկատմամբ հետաքննություն ու դատական գործընթացը։

Դատական նիստից հետո Թեմել Դեմիրերը հայտարարել էր. «2007-ին ասել եմ, որ Հրանտ Դինքին սպանել է պետությունը եւ Հայոց ցեղասպանությունը եղել է։ Ես կրկին ասում եմ, որ Դինքին պետությունն է սպանել։ Թող կրկին ինձ դեմ հայց ներկայացնեն։ Այսօր բոլորն էլ գիտեն Հայոց ցեղասպանության մասին»,-ասել էր թուրք լրագրողը։

Թեմել Դեմիրերը, իմանալով, որ իր դեմ նույն մեղադրանքով հետաքննություն է սկսվել, ասել է. «Զարմանալու ոչինչ չկա։ Ասում էին փոխվել մտածելակերպը, բայց տեսնում ենք, որ չի փոխվել։ Ասում են ժողովդրավարանում է Թուրքիան, բայց դա ճիշտ չէ»։