Կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է իրեն Ֆրանսիայում ՀՀ դեսպան նշանակելու մասին տարածված տեղեկություններին: «Ֆեյսբուքի» իր էջում նա գրել է հետեւյալ է, «Մեծ պատիվ եմ համարում Հայաստանի պետությունն արտասահմանում ներկայացնելու առաքելությունը: Իրականում, ինչպես միլիոնավոր իմ հայրենակիցներ, առանձնահատուկ վերաբերմունք ունեմ Ֆրանսիայի եւ իր ժողովրդի հանդեպ: Դեռ ուսանողական տարիներից պահպանել եմ ջերմ հիշողություններ եւ անտարբեր չեմ ֆրանսիական մշակույթի նկատմամբ: Միաժամանակ տեղեկացնեմ, որ, այդուհանդերձ, նման հարցով ես երբեք չեմ դիմել ՀՀ նախագահին եւ նման քննարկումներ տեղի չեն ունեցել»:
Նշենք, որ «Չի» տեղեկություններով, ՀՀ կրթության եւ գիտության ոլորտի կառավարումը, չի բացառվում, այս անգամ վստահեն մեկ այլ ՀՀԿ-ականի։ «Բանն այն է, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին Սերժ Սարգսյանը, հնարավոր է, դեսպան ուղարկի որեւէ եվրոպական երկիր։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ այս օրերին Սերժ Սարգսյանը քննարկում է Արմեն Աշոտյանին Ֆրանսիայում ՀՀ դեսպան նշանակելու հարցը։
Նկատենք, որ Արմեն Աշոտյանը վերջին հինգ տարվա ընթացքում երեք անգամ դիմել է Սերժ Սարգսյանին՝ խնդրելով իրեն դեսպան նշանակել որեւէ երկրում, այդ թվում՝ նույնիսկ ԱՊՀ տարածքում։ Սերժ Սարգսյանն ամեն անգամ մերժել է Արմեն Աշոտյանին»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։



























