Ռուսաստանին եւ Հայաստանին հատուկ հարաբերություններ են կապում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: Նա Սերժ Սարգսյանին կրկին շնորհավորել է նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
«Մենք Հայաստանի հետ հատուկ հարաբերություններ ունենք: Ընդհանուր առմամբ, դրանք հաջող են զարգանում: Չնայած համաշխարհային տնտեսությունում որոշակի բարդություններին, անցած տարի ապրանքաշրջանառության աճը կազմել է 20 տոկոսից ավելի, եւ ինձ հաճելի է նշել, թե Ռուսաստանը շարունակում է պահպանել առաջին տեղը Հայաստանի հետ առեւտրատնտեսական շրջանառության մեջ»,- ասել է ՌԴ նախագահը:
Նա նաեւ նշել է, թե Ռուսաստանն առաջինն է Հայաստանում ներդրումների ծավալ;ով` ավելի քան 3 մլրդ դոլար ցուցնաիշով: «Մենք մեծ, հեռանկարային, լավ ներդրումային համատեղ ծրագրեր ունենք, հուսով եմ` հնարավորություն կունենանք այսօր այդ ամենի շուրջ քննարկումներ ծավալելու»,- նշել է Ռուսաստանի նախագահը:
Նրա խոսքով, ոչ պակաս ակտիվ են զարգանում շփումները քաղաքական ոլորտում:



























