Հայաստանը պաշտոնապես Թուրքիայից որպես գյուղմթերք ներկրում է բացառապես մայրական ծագման հավի ճտեր: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը:
Նրա ներկայացմամբ՝ թուրքական ծագման որեւէ այլ գյուղմթերք Հայաստան չի մտնում, եթե իհարկե մաքսանենգություն չէ:
Ինչ վերաբերում է Վրաստանից ներկրվող գյուղմթերքներին, ապա դրանք պարտադիր սերտիֆիկացվում են: Բ. Պիպոյանը չբացառեց, որ եթե Վրաստանից ապրանքը գա առանց սերտիֆիկատի, ապա մեր սահմանում այն կարող է ձեւակերպվել որպես «ծագման երկիր չունեցող»: Թեեւ նման դեպքերն, ըստ Բ. Պիպոյանի, շատ քիչ են:
ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեից NEWS.am-ին պարզաբանեցին, որ Հայաստան սննդամթերք ներկրելու որեւէ արգելք գոյություն չունի: Միակ պայմանն այն է, որ սննդամթերքը պետք է սերտիֆիկատ ունենա, սակայն ՊԵԿ-ը սերտիֆիկատների տրամադրման հետ առնչություն չունի:



























