Հայաստանի ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մարտի 12-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայի երկրների վարչության պետ տիկին Ելիշկա Ժիգովայի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան ու ՉՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Յեսթրաբը:
Որպես ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ու Եվրոպական լիբերալ դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցության խորհրդի անդամ՝ Արամ Մանուկյանը փաստել է եվրաինտեգրման կարեւորությունն ու համագործակցության պատրաստակամություն հայտնել:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում հետընտրական գործընթացներին: ՀԱԿ խմբակցության քարտուղարը միջազգային կառույցներին եւ հատկապես դիտորդական առաքելություններին կոչ է արել ուշադրության առանցքում պահել ընտրական գործընթացները:
Արամ Մանուկյանը հյուրերին տեղեկացրել է, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին ՀԱԿ-ը հակված է մասնակցել: Նա նշել է, որ ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու վերաբերյալ խորհրդարանական այլ ուժերի հետ բանակցությունները դեռ չեն ավարտվել:
Չեխիայի արտգործնախարարության պաշտոնյան հետաքրքրված էր՝ արդյոք ընդդիմությունը տեսնում է բարեփոխումների եւ ընդհանրապես փոփոխությունների միտում: ՀԱԿ խմբակցության քարտուղարը փաստել է դրական տեղաշարժերը լրատվամիջոցների ազատության ուղղությամբ, նաեւ ընդգծել, որ քաղաքական վիճակը համեմատելի չէ 2008 թ. հետ. այն զգալիորեն բարելավվել է:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրների, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու դրա ձեւաչափին, հայ-թուրքական հարաբերություններին, այլ հարցերի:




























