Այսօր՝ մարտի 12-ին, Սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը ողջունել է գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ կարեւորելով սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն ուղղված նրանց համատեղ ջանքերն ու գործելու պատրաստակամությունը:
Նիստի ընթացքում զեկույցով հանդես է եկել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Նա ներկայացրել է երեւանաբնակ սիրիահայ ընտանիքների սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքները: Ռ. Զաքարյանը նշել է, որ սիրիահայերի համար իրականացվող ծրագրերն առավել հասցեական եւ նպատակային դարձնելու համար կատարվել է սոցիալական-վիճակագրական վերլուծություն, գնահատվել են կարիքներն ու առաջնահերթությունները: Այս ուսումնասիրության համաձայն մեկ անգամ եւս հաստատվել է, որ սիրիահայերի համար առաջնահերթ են բնակարանային եւ աշխատանքի տեղավորման հարցերը: Մինչեւ օրս 156 սիրիահայ ընտանիք Երեւանի քաղաքապետարանից դրամական աջակցություն՝ բնակարանային վարձավճարի, դեղորայքի տեսքով օգնություն է ստացել: 215 ընտանիք ստացել է կենցաղային իրեր, 66 ընտանիք պարենային մթերքների տեսքով օգնություն: Ներկայումս 11 ընտանիք օգտվում է բարեգործական ճաշարաններից, 31 տարեց ստանում է կենսաթոշակ:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ներկայացրել է սիրիահայերի համար նախատեսված կրթական ծրագրերը՝ առանձնացելով ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ 2012 թվականի ամռանը կազմակերպված արեւելահայերենի արագացված ուսուցման ծրագիրը, ինչպես նաեւ՝ հոկտեմբերին Երեւանի թիվ 14 դպրոցում ստեղծված սիրիական կրթական ծրագրով գործող «Կիլիկյան» դպրոցը, որտեղ դասավանդում են սիրիահայ ուսուցիչներ: Այժմ դպրոցում սովորում է 370 աշակերտ:
ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր եւ միջին Արեւելքի վարչության պետ Լուսինե Ստեփանյանը ներկայացրել է վերջին 2 ամիսներին ՀՀ գերատեսչությունների, այդ թվում՝ ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած աշխատանքները:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Հայկ Դարբինյանը փաստել է, որ սրտային հիվանդությունների հետազոտումը սիրիահայերի համար եւս անվճար է, անհրաժեշտության դեպքում պոլիկլինիկաներում անվճար կարգով կտրամադրվեն նաեւ 150 անուն դեղեր:
Նիստը ամփոփել է ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը: Որոշվել է Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ համատեղ՝ սիրիահայերի համար լեզուների ուսուցման կենտրոն բացել, որտեղ կկազմակերպվեն արեւելահայերենի, ռուսերենի եւ, ցանկության դեպքում նաեւ այլ լեզուների արագացված դասընթացներ: Նախարարը նշել է, որ նախնական քննարկման փուլում է սիրիահայերի համար, իրենց մասնակցությամբ երեւանամերձ մի շարք բնակավայրերում բնակարաններ կառուցելու հարցը:
Նիստի ավարտին հաստատվել է Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2013 թվականի աշխատանքային ծրագիրը:




























