Էպոսագետ ներկայացող նախագահի նախկին թեկնածու, «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Վարդան Սեդրակյանը իրեն նորմալ է զգում, առողջականի հետ կապված առայժմ լուրջ խնդիրներ չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը` հավելելով, որ երեկ նորից այցելել է նրան: Նա նշեց, որ Վարդան Սեդրակյանն ունի խորը մկանների բորբոքման խնդիր, որը մրսածության հետեւանք է, դեղեր է խմում, կանցնի:
Նա նշեց, որ այսօր իրենց` կալանքի որոշումը բողոքարկելու հետ կապված Վերաքննիչ քրեական դատարանից սպասում են ծանուցագրի, ինչպես նաեւ քննիչից են սպասում պատասխանի իրենց միջնորդությունների հետ կապված: Փաստաբանը նշեց, որ քննիչն ասել է, որ միջնորդությունը կբավարարվի, կարճ ժամանակում ներկայացված մեղադրանքի բոլոր հիմքերը կտան: Նա նշեց, որ չի կասկածում, որ այդ հիմքերը կան, բայց թե ինչպիսին են այդ հիմքերը` օրինական, թե՝ ոչ, դա պետք է հասկանան:
Փաստաբանը նշեց նաեւ, որ Վարդան Սեդրակյանի գնահատականն առաջին օրվանից չի փոխվել, «փորձանքը եկել է մարդու գլխին, կանցնի, ճշմարտությունը կպարզվի»: «Ինքը ասում է, որ ճիշտը կպարզվի: Ոչ ես, ոչ ինքը, սա չենք կապում քաղաքականության հետ: Պարոն Սեդրակյանը չի վիրավորվի իմ հիմիկվա ասածից, քաղաքական դաշտ մտավ, քաշերի մեջ տարբերություն կա պարոն Սեդրակյանի եւ մի քանի այլ թեկնածուների մեջ, դրա քաղաքական ո՞րն է»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը: Նա նշեց, որ ինքն էլ իր պաշտպանյալին հարցրել է, թե գնա, մտածի, ում կարող է քո ազատազրկումը պետք լինի, դեռ պատասխան չի տվել, մտածում է:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 5-ին դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, իրեն էպոսագետ համարող Վարդան Սեդրակյանին: Դատական նիստը անցել է դռնփակ: Սեդրակյանին կալանավորելու միջնորդությամբ դատարանին էր դիմել ԱԱԾ-ն: Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար: Սիրունյանը բողոքարկել էր նրա կալանավորվելու որոշումը, ինչպես նաեւ դիմել էր քննիչին` ներկայացնելու մեղադրանքի հիմքը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ, հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ի դեպ, երկուսն էլ Վարդան Սեդրակյանի բնակարանում վերանորոգման աշխատանքներ են իրականացնել:




























