Եթե ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը հարմար գտնի, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը եւս կհայտնվի ԲՀԿ-ի ցուցակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը՝ հավելելով, որ չի բացառվում, որ իր անունը լինի ԲՀԿ-ի ցուցակում: Նա նշեց, որ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի մասնակցությունը ճիշտ էր եւ տեղին, նաեւ համոզմունք հայտնեց, որ հաջողություններ են արձանագրելու:
«Կարծում եմ, որ ԲՀԿ-ի մասնակցության ձեւաչափը կարդարացնի իրեն եւ ժողովրդի վստահությունը ԲՀԿ-ի նկատմամբ այս ընտրություններում ավելի ընդգծված կարտահայտվի: Կարծում եմ, առկա գործընթացները խիստ անհրաժեշտ են ժողովրդի նկատմամբ ջերմությունն ավելացնելու համար, ինչը իր հերթին հավատ կներշնչի եւ արտագաղթը կնվազի»,-ասաց նա:
Հարցին, թե նախագահական ընտրություններին չմասնակցելուց հետո Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելով ի՞նչ խնդիր են լուծում, Բագրատյանը պատասխանեց. «Ընտրությունները շարունակական գործընթաց են եւ չեն ավարտվում մեկ ընտրությամբ: Տակտիկական իրավիճակից ելնելով կարող ես բաց թողնել նախագահականը եւ մասնակցել ավագանու ընտրություններին: Ավագանին բաց թողնել եւ մասնակցել ԱԺ ընտրություններին: Ցանկացած քաղաքական ուժ տակտիկական զինանոցում պետք է ունենա այս սցենարը»:
Հարցին, որ եթե ընդդիմությունը համախմբվի ԲՀԿ-ի առանցքի շուրջը, այդ դեպքում ԲՀԿ-ն ընդդիմադի՞ր է դառնալու, նա արձագանքեց. «Դա ամենեւին էլ այդպես չէ, որովհետեւ իր այլընտրանքային կեցվածքը պահելով պետք է մյուսներին համախբի իր շուրջ»:
Մարզպետի պաշտոնից հրաժարական տալուց հետո, նա զբաղվում է տնտեսական գործունեությամբ, դասախոսությամբ: «Նոր բիզնեսներ չեմ նախաձեռնել, բայց բիզնես ծրագրերի մշակման գործընթացով եմ զբաղվում»,-ասաց Բագրատյանը:
Արձագանքելով խորհրդարական ընտրություններից հետո տարածված այն խոսակցություններին, թե իր եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարված են եւ շատ հնարավոր է անդամագրվի ՀՀԿ-ին, նախկին մարզպեն ասաց. «Նման բան չկա: Ես եւ Գագիկ Ծառուկյանը հիանալի հարաբերությունների մեջ ենք: Իմ կուսակցության ղեկավարի հետ ես աշխատում եմ ամենօրյա ռեժիմով, քննարկումներ են տեղի ունենում եւ ամեն ինչ հիանալի է»:



























