Ընդդիմադիր խմբակցությունների կողմից մանդատները վայր դնելու «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի առաջարկն արդեն քննարկման կարիք չունի, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ մանդատները վայր դնելու կարիք չկա, պատճառաբանելով, թե շուտով կլինն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ Րաֆֆի Հովհաննիսյանի այդ հայտարարությանը ամենայն լրջությամբ է վերաբերում, որպես ապագայում կատարվելիք փաստ:
«Բայց հավանաբար Րաֆֆի Հովհաննիսյանն ունի իր հաշվարկները եւ այստեղ ես համամիտ եմ նրա հետ, որ այս իրավիճակում, այս պահին մանդատները վայր դնելու հարցն այդքան էլ էական չէ, որովհետեւ մինչեւ մանդատների վայր դնելուն հարցը շատ անելիքներ կան: Այսօր ԱԺ հարթակը պետք է նաեւ օգտագործել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի վեր հանած խնդիրները բարձրաձայնվի, թեեւ նրա քայլերի հաջորդականությունը ես ինքս էլ չեմ տեսնում»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Նրա խոսքով՝ եթե շարժումն ստանա այն ցանկալի թափը, ակտիվությունը, որի հաղթական վերջակետը կարող է լինել մանդատների վայր դնելը, դա արդեն այլ հարց է: «Այդ դեպքում «Ժառանգություն» խմբակցությունը պետք է օրինակ ծառայի, բայց այն փուլում, երբ դա արդեն անհրաժեշտ է»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը, հավելելով, թե չի ասում, որ ՀԱԿ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է մանդատները վայր դնել, բայց պատրաստ են քննարկել, եթե տեսնեն, որ այս ամենը տանում է հաղթանակի եւ հնարավոր է այս խնդիրը լուծել:
Ավելի վաղ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը կարծիք էր հայտնել, թե Ազգային Ժողովում խմբակցություններ ունեցող ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է վայր դնեն մանդատները եւ դուրս գան խորհրդարանից:



























