Անատոլի Սերդյուկովը ցուցմունք է տվել իր փեսա Վալերի Պուզիկովին պատկանող «Ժիտնոյե» հանգստյան կայանի ճանապարհաշինության գործում պաշտպանության նախարարության մասնակցության առնչությամբ:

«Կոմերսանտ» թերթը գրում է, որ մարտի 12-ին հինգ ժամ տեւած հարցաքննության ընթացքում Սերդյուկովը քննիչներին հայտնել է, որ ինքը պարզապես հոգ է տարել ստորադասների հանգստի համար, քանի որ զինվորականներին աշխատանքի դիմաց խոստացել էին հարմար ուղեգրեր: Սակայն զինվորների փոխարեն  «Ժիտնոյե» են այցելել  VIP-անձինք, հստակեցնում է հրատարակչությունը:

Սերդյուկովի փաստաբան Գենրիխ Պադվան պնդում է, որ իր պաշտպանյալն անձամբ է առաջարկել քննիչներին «լրացնել ճանապարհի վերաբերյալ իր ցուցմունքները», որն ապացուցում է չարաշահումներում նրա անմեղությունը: Պադվան հայտնել է, որ հարցաքննության արձանագրությունը կազմել է 11 էջ:  

Դեպի «Ժիտնոյե» ճանապարհների շինարարության գործում պաշտպանության նախարարության մասնակցության եւ այդ աշխատանքներում զորակոչիկների ներգրավման  փաստով քրեական գործ է հարուցվել  պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով: Քննիչները պետությանը հասցված վնասը գնահատում են 15,5 միլիոն ռուբլի: Սերդյուկովն այդ գործում ներգրավված է իբրեւ վկա: