Դատալսումների ընթացքում կողմերից յուրաքանչյուրը փորձում է իր հարցերով բացահայտել եւ ամրապնդել սեփական փաստարկները: Այդ մասին այսօր՝ մարտի 13-ին, Սահմանադրական դատարանում հայտարարել է Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ, խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
«Ես հանձն չեմ առնի գնահատել հայցվորների պատրաստվածությունը եւ հայտարարել, որ նրանք թույլ կամ ուժեղ են: Դատալսումների ընթացքում կողմերից յուրաքանչյուրն իր խնդիրներն ունի եւ իր հայեցողությամբ է ներկայացնում», - նշել է Հարությունյանը՝ հավելելով, որ մի կողմը չպետք է գնահատի մյուսի հարցերը:
Հարությունյանը նշել է, որ իրենք հրաժարվել են հայցվորներին հարցեր ուղղելուց, սակայն դա թուլության դրսեւորում չէ: «Պարզապես մենք մեր եզրափակիչ ճառում ներառելու համար ինչ-որ նոր բան պարզելու խնդիր չունենք»:
Հիշեցնենք, նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Անդրիաս Ղուկասյանը իրենց հայցերով պահանջում են չեղյալ հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները՝ դրանք կեղծված համարելով:



























