Այսօրվա դրությամբ խախտված է մեր պետության էությունը. եթե նախկինում մենք հանրապետություն էինք, ապա այժմ վերածվում ենք մարդ-պետության կամ ընտանեկան պետության: Այդ մասին այսօր՝ մարտի 13-ին, մամուլի ասուլիսում նշել է դիրիժոր Վարդան Հակոբյանը:

«Ես չեմ եղել եւ հիմա էլ որեւիցե կուսակցության անդամ չեմ, սակայն շարժումը ծավալվում է մեր կամքից անկախ: Եթե անկեղծ լինենք, անգամ պետական ծառայողները չեն հավատում երկրի լավ ապագային: Այսօր ոչ մի մասնագետ իր տեղում չէ՝ սկսած արտգործնախարարությունից»,- նշել է  դիրիժորը:

Ըստ նրա՝ ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում շատերը հավաքներին հետեւում են տնից կամ գրասենյակից, հետեւաբար չի կարելի կարծիք կազմել Ազատության հրապարակում հավաքվածների թվից ելնելով:

«Ես քաղաքական ճգնաժամի լուծումը տեսնում եմ այլընտրանքային կառույցներ ձեւավորելու մեջ: Դա բախումների չի հանգեցնի, կկատարվի խաղաղ ճանապարհով: Թող ժողովուրդն ինքն ընտրի, թե ինչ է ցանկանում»,- ընդգծել է Վարդան Հակոբյանը: Նրա համոզմամբ, ապրիլի 9-ին՝ նախագահի երդմնակալության օրը, կարող է պետության մեջ պետություն ձեւավորվել: «Եթե անգամ ոչ մի նոր բան տեղի չունենա, մենք արդեն իսկ հեղափոխություն կատարել ենք», - եզրակացրելէ  դիրիժորը:

 

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am