ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը զերծ է մնում Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ որեւէ բան մեկնաբանելուց, քանի որ այժմ տեղի են ունենում քննարկումներ, գործընթացներ: Այս մասին այսօր` մարտի 13-ին, Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին այցելելուց եւ տեւական զրույցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա չմեկնաբանեց ինչպես ընդդիմության միասնական ցուցակով հանդես գալու հարցը, այնպես էլ՝ ՀԱԿ մասնակցության հարցը: «Քանի որ քննարկումների փուլ է, ըստ էության` վերջնական որոշումներ չկան, ձեռնպահ կմնամ որեւէ բան ասել»,--ասաց պատգամավորը: Նա շեշտեց, որ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքում քաղաքական համակարգում որոշակի շրջադարձային փոփոխություններ են տեղի ունեցել:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման գնալը, նա պատասխանեց. «Կարծում եմ` տվյալ դեպքում նախագահի թեկնածուն որոշակի հանդիպումներ է ձեռնարկել, բայց նաեւ համաձայն եմ այն գնահատականնների հետ, այսինքն` ուշադրության արժանի են այն գնահատակնները, ըստ որոնց` նմանտիպ հանդիպումները ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ»: