Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմության միասնական ցուցակով հանդես գալու հավանականությունը չնչին է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Նա նշեց, որ այս պահին որեւէ ակտիվ գործընթաց, քննարկումներ չկան, յուրաքանչյուրը հարցերի շրջանակ ունի, որը պետք է հստակեցնի, եւ ըստ այդմ` պարզ կդառնա միասնական ճակատով հանդես գալու հարցը: Արսեն Համբարձումյանը տեղեկացրեց, որ մինչեւ շաբաթվա վերջ պարզ կլինի`ՀՅԴ-ն մասնակցում է միասնակա՞ն ցուցակով, թե՝ առանձին: Եթե ՀՅԴ-ն մասնակցի առանձին ցուցակով, ապա հաջորդ շաբաթվա սկզբին պարզ կդառնա նաեւ ցուցակը:

Արսեն Համբարձումյանը ձեռնպահ մնաց մեկնաբանել լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորելու է Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ վերջնական որոշում դեռեւս չկա, ժամանակը կգա, պարզ կլինի:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը ոչ իշխանական ուժերին՝  «Ժառանգությանը», «Բարգավաճ Հայաստանին» եւ Դաշնակցությանն առաջարկել է միասին հանդես գալ մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում: Դրանից հետո ԲՀԿ-ն հայտարարել էր, որ իրենց կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Վարդան Օսկանյանը:

ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորելու է Երեւանի ներկա քաղաքապետ Տարոն Մարգարյանը: