Նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բաց է հանդիպման համար անխտիր բոլորի, այդ թվում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար: Այդ մասին հացադուլում գտնվող Հովհաննիսյանն ասաց այսօր՝ մարտի 13-ին, Ազատության հրապարակում կայացած բացօթյա ասուլիսում:
«Ես բաց եմ հանդիպման անխտիր բոլորի, այդ թվում առաջին նախագահի համար: Մեր «Ժառանգության» ներկայացուցիչները հանդիպել են բոլորի՝ այդ թվում ՀԱԿ-ի հետ: Կարծում եմ հանդիպումները կշարունակվեն, որովհետեւ համատեղումը, կոնսոլիդացիան անհրաժեշտություն է: Հիմնական համախմբումը հայ ժողովուրդը կատարել է, հիմա քաղաքական ուժերը պիտի սպասարկեն այդ համախմբմանը»,- նշել է Հովհաննիսյանն ու հավելել. «Պահի լրջությունը եւ հեռանկարն այն է, որ կուսակցությունների դերակատարումը փոխվում է: Ես առաջարկում եմ, որ կուսակցությունները հասկանան, որ հին մանրակերտով այլեւս ոչինչ չի լինելու, նոր մանրակերտ է պետք, որտեղ առաջ տանողը Հայաստանի քաղաքացին է»:
Հարցին, թե ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը չի այցելել իրեն, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է. «Հարգում եմ բոլորին, բոլորն էլ սխալական են, իմ նման: Եթե ինքը ցանկանա, կամ ցանկացած այլ կուսակցապետ, կհանդիպեմ Ազատության հրապարակում: Ես արդեն հատուկ զանգեր չեմ անում, ամեն ինչ լինում է առանց իմ խնդրանքի: Կարծում եմ` առաջիկա օրերին այս շարանը կշարունակվի»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























