Ապրիլի 9-ին ես կորոշեմ ինչ ենք անելու, ժողովուրդը կորոշի, եւ կտոնենք ժողովրդի հաղթանակը: Այդ մասին, այսօր՝ մարտի 13-ին, Ազատության հրապարակում կայացած բացօթյա ասուլիսում հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինս նաեւ չի կարծում, թե հացադուլով փակուղու մեջ է հայտնվել: «Ես ասել եմ, որ փակուղու մեջ չեմ, ոչ էլ ժողովուրդն է փակուղու մեջ: Փակուղու մեջ իրեն դրել է իշխող կուսակցության թեկնածուն` կեղծիքներով, խախտումներով»,- նշել է նա: Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ նշել է, թե այլեւս ասելիք չունի իշխանություններին: «Ես նոր առաջարկելիք չունեմ իշխանություններին: Եթե պարոն Սարգսյանը առաջարկներ ունի, թող գա Ազատության հրապարակ եւ ասի: Ես կլսեմ ու կորոշեմ ընդունե՞լ, թե՞ մերժել»:
Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ Հովհաննիսյանի մեկնաբանությունը երեկ լրատվամիջոցներից մեկում հայտնված «ստվերային կառավարության ցանկը», որը իբր պատրաստել է «Ժառանգության» առաջնորդը: «Բացահայտեք դրա աղբյուրը: Սա բացարձակ ապատեղեկատվություն է: Նման անուններ, պաշտոններ գոյություն չունեն ոչ իմ մտքում, ոչ թղթի վրա: Եթե որեւէ մեկը բացահայտի այդ հանելուկը, ես սիրով կլսեմ ձեզ»,- նշեց Հովհաննիսյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























