Լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` մարտի 13-ին իր ամփոփիչ ճառն է կարդացել մեղադրող Հարություն Հարությունյանը: Նա պնդել է պաշտոնական «ինքնասպանություն» վարկածը եւ դատարանին խնդրել է գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանին դատապարտել 13 տարվա, ավագ լեյտենանտ Վահագն Հայրապետյանին, շարքայիններ Մխիթար Մխիթարյանին եւ Ադիբեկ Հովհաննիսյանին` 4-ական տարվա, իսկ շարքային Հարութիկ Կիրակոսյանին` 2 տարվա ազատազրկման:

Նշենք, որ զինծառայողները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը:

Հիշեցնենք, որ սպա Արտակ Նազարյանը մահացել է 2010թ. հուլիսի վերջին, ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում («Ղոզլու»), որի ավագն էր: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության կատարած նախաքննությունն ավարտվել է եւ գործը դատարան է մտել որպես «ինքնասպանության դրդում»: Մինչդեռ Նազարյանները պնդում են, որ Նազարյանը սպանվել է, իսկ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ ընդհուպ մինչեւ ապացույցների ոչնչացում եւ կեղծում: Տուժողի իրավահաջորդները պնդում են, որ մեղավորներին պետք է բոլորովին այլ վայրում որոնել, այլ ոչ ամբաստանվող հինգ անձանց:

Քրեական գործով մեղադրվում են Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներ՝ նրա գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարեւան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Ա. Նազարյանի դասակի երեք շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Հարութիկ Կիրակոսյանը: Վերջինի՝ Հ. Կիրակոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել է, եւ նա հանձնված է զորամասի հսկողությանը, որտեղ շարունակում է ծառայությունը:

Դատավորը՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանն է, իսկ մեղադրանքը պաշտպանում է զինվորական դատախազ Հարություն Հարությունյանը:

Տուժողի իրավահաջորդն է Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն են փաստաբան Մուշեղ Շուշանյանը եւ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը: