Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժել է նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի հայցերով արված միջնորդությունները: ՍԴ-ն կարծիք է հայտնել, թե դատաքննության ընթացքում ներկայացվել են անհրաժեշտ բոլոր նյութերը որոշում կայացնելու համար:
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը նկատել է, որ որոշումները կայացվելու են ոչ ուշ քան մարտի 14-ը, ժամը 18-ը, երբ ավարտվում է վերջնաժամկետը:
Նշենք, որ մինչ այդ կայացած նիստում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները 11 միջնորդություն են ներկայացրել: Հովհաննիսյանի լիազոր-ներկայացուցիչ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը միջնորդություն էր ներկայացրել գործող նախագահ Սերժ Սարգսյանին որպես հայցվոր ներգրավելու մասին, նաեւ միջնորդություն՝ բոլոր 1988 ընտրատեղամասերի պարկերը ՍԴ բերելու եւ վերահաշվելու վերաբերյալ:
Անդրիաս Ղուկասյանը միջնորդել էր, որ Սահմանադրական դատարան բերվեն 576 ընտրատեղամասերի քվեաթերթիկները, որտեղ Սերժ Սարգսյանը պաշտոնական տվյալներով բարձր ձայներ է ստացել:



























