Հայաստանի նախագահական ընտրությունները չեն համապատասխանել Սահմանադրության 2-րդ եւ 4-րդ հոդվածներով նախատեսված ընտրություններին, ըստ որոնց խախտվել է ժողովրդի համընդհանուր, հավասար, ուղիղ ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ ընտրելու իրավունքը: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, Սահմանադրական դատարանում Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի հայցերի քննարկման ժամանակ նշել է Րաֆֆի Հովհաննիսյանի շահերը ներկայացնող Կարեն Մեժլումյանը:
Նրա խոսքով՝ ԿԸՀ ղեկավարը նույնպես ընդունեց, որ հասարակության մեջ մեծ է անվստահությունը ընտրությունների արդյունքների վերաբերյալ: «Պատճառն այն է, որ իշխանության երեք թեւերի միջեւ՝ օրենսդիր, գործադիր դատական, չի գործում հավասարակշռվածության սկզբունքը եւ դրանքնույնականացվում են նախագահի ինստիտուտի հետ եւ ընտրությունների ժամանակ գործում են իշխանության շահերի օգտին»,-ասել է նա:
Իր հերթին, Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը նշել է, որ իրենք դիմել են դատարան, որպեսզի վերականգնեն արդարությունը, թեեւ 1996-ից ի վեր ՍԴ-ն ցույց է տվել, որ արդարությունը չի կարող վերականգնվել:
Այդ հայտարարությանն արձագանքեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ նշելով. «Պետք չի գնահատական տալ դատարանին, իսկ հայտարարությունները պետք է վերաբերեն բացառապես գործին վերաբերող նյութերին»:
Միաժամանակ, Փոստանջյանը շարունակել է՝ նշելով, որ ՍԴ-ն մերժել է բոլոր 1988 տեղամասերի պարկերը բացելու եւ վերահաշվարկ անելու միջնորդությունը եւ այդ սխալն ուղղելու համար ՍԴ-ն ունի 24 ժամ ժամանակ:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ընդհատել է Փոստանջյանի խոսքը, ասելով. «Այդպես չի լինի, որ ով ինչ ուզի խոսի, իսկ մենք լսենք: Պետք չի բոլորի առջեւ հրապարակել ձեր գնահատականը, խոսեք ըստ էության»:
«Ես կարող եմ խոսել ինչ ուզեմ եւ որտեղ ուզեմ: Մերժելով մեր միջնորդությունները ՍԴ-ն պատասխանող կողմի հետ միասին անգործության է մատնել իր լիազորությունները: Մենք կարող ենք արդարության հասնել Ազատության հրապարակում այլընտրանքային դատարանում»,-հայտարարել է Փոստանջյանը:



























