Սերժ Սարգսյանը միակ մարդն է երկրում, ով բացառիկ հնարավորություն է ունեցել ազդել Ընտրական օրենսգրքի ընդունման վրա: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, Սահմանադրական դատարանում նիստի ժամանակ իր ամփոփիչ խոսքում ասաց նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: «Սերժ Սարգսյանը միակ մարդն է երկրում, ով Սահմանադրության համաձայն, հնարավորություն ուներ նշանակել բոլոր ղեկավար պաշտոնյաներն, ովքեր առնչություն ունեն ընտրությունների հետ: Բացի այդ, որպես իշխող կուսակցության ղեկավար նա հնարավորություն ուներ մարդկանց նշանակել տարածքային ընտրատեղամասերում: Այլ թեկնածուների համեմատությամբ՝ նա առավել մեծ թվով վստահված անձիք է ունեցել ընտրատեղամասերում՝ ավելի քան 3600 մարդ: Նա 1600 նախընտրական շտաբ է ունեցել»,-ասաց Ղուկասյանը:

Նրա խոսքով՝ պատասխանող կողմի պարզաբանումները պատասխան չտվեցի իր բազմաթիվ հարցերին: «Ես չստացա ապացույցներ կամ հիմնավորումներ, որ Սերժ Սարգսյանը չի խառնվել ընտրական գործընթացներին կամ ճնշում չի գործադրել ԿԸՀ-ի վրա»,-ընդգծեց նա: