Հայաստանի նախագահի նախկին թեկնածուների՝ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված երկու հայցերը՝ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով, անհիմն են եւ ապացույցներ չեն պարունակում, որոնք թույլ կտային կասկածի տակ դնել ԿԸՀ-ի փետրվարի 25-ի որոշումը: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, ՍԴ նիստում հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, որ 1996-ից ի վեր ՍԴ-ն արդարադատություն չի իրականացնում, Մուկուչյանը հայտարարել է, որ որեւէ հիմնավորումից զուրկ նման հայտարարությունները ՍԴ-ն չի քննարկել 1996-ից ի վեր:

«Հայաստանի նախագահական ընտրությունները կազմակերպվել են օրենսդրության պահանջների համապատասխան, ընտրական հանձնաժողովների աշխատակիցների կողմից, իսկ քվեարկության արդյունքները համապատասխանում են իրականությանը: Ընտրությունների արդյունքներն ընդունելու մասին ԿԸՀ-ի փետրվարի 25-ին ընդունած որոշումն իրավաչափ է, իսկ ներկայացված հայտարարություններն՝ անհիմն»,-հայտարարել է Մուկուչյանը: