Սահմանադրական դատարանում ավարտվել են ԿԸՀ փետրվարի 25-ի «Հայաստանի նախագահի ընտրության մասին» որոշումը բողոքարկելու գործով լսումները: ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:
Մինչ այդ դատարանը լսել է հայցվորներին՝ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներ Կարեն Մեժլումյանին եւ Զարուհի Փոստանջյանին, ինչպես նաեւ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, նաեւ պատասխանող կողմի ներկայացուցիչներ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին եւ գործող նախագահի ներկայացուցիչներ Հրայր Թովմասյանին եւ Դավիթ Հարությունյանին: Նրանք բոլորը հանդես են եկել ամփոփիչ ելույթներով:
Նշենք, որ կողմերից յուրաքանչյուրը մնաց իր նախկին դիրքորոշմանը: Հայցվորները պնդեցին, որ պետք է չեղյալ հայտարարվեն ընտրությունների արդյունքները, իսկ պատասխանող կողմն ու երրորդ կողմի (Սերժ Սարգսյանի) ներկայացուցիչները խնդրեցին ՍԴ-ին մերժել հայցվորների հայցը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Հիշեցնենք, որ ՍԴ-ն իր որոշումը կհրապարակի վաղը՝ մարտի 14-ին:



























